«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հոկտեմբերի 21-ին կայացավ «Հայկական պարերը Զվարթնոցում» միջոցառումը, որի ժամանակ ելույթ ունեցան «Հուշեր» եւ «Շիրխանի» ժողովրդական և ավանդական պարային խմբերը։ Միջոցառման նպատակն էր հայկական պարերի միջոցով ներկաներին մասնակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին եւ ավանդույթներին։ Շուրջ երկուս ու կես ժամ տեւած միջոցառմանը ներկայացվեց մեկ տասնյակից ավելի պար։

Պարային խմբերն իրենց կատարումներով այնպես էին խանդավառել հանդիսատեսին, որ վերջիններս բնական պոռթկումով միացան նրանց։ Համերգի ավարտին այցելուների համար նաեւ պարուսուցում կազմակերպվեց «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամների կողմից։ Նրանք ներկաներին հինգ պար սովորեցրեցին՝ «Գյովնդ», «Վեր-վերի», «Թամզարա», «Էջմիածին», «Կարնո քոչարի»։