Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շարքում հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Իր հարկի տակ հաճախակի դպրոցականներին հյուրընկալող «Զվարթնոց»-ի աշխատակիցներն իրենք են հյուր գնացել: Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի IV դասարանի աշակերտների համար՝ «Գրքերը մեր լավագույն բարեկամներն են» խորագրով բաց դաս են անցկացրել:
Գրքի ու գիտելիքի կարևորության մասին խոսել են կրթօջախի տնօրենը, մանկավարժները, ‹‹Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչի տեղակալ Լարիսա Հարությունյանը, ֆոնդապահ Մարինե Պարսամյանը: Դպրոցականներին ներկայացվել է գիրք ընթարցելու կարևորությունը, մեջբերումներ են արվել հեղինակավոր գրողների խոսքերից:
Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում դպրոցականները խոսել են իրենց սիրելի հեղինակների ու գրքերի մասին, թե ինչ են ուսանել գրականությունից, նաև՝ բանաստեղծություններ արտասանել:
Մասնագիտությամբ մանկավարժ, արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչի տեղակալ Լարիսա Հարությունյանը հետաքրքիր առաջադրանքների միջոցով փորձել է հարստացնել նրանց գիտելիքները:
Միջոցառման ավարտին դպրոցականներին անակնկալ էր սպասվում. ‹‹Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի ղեկավարության անունից նրանք Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Ղազարոս Աղայանի ժողովածուներ են նվեր ստացել:
Ի դեպ, Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցից ստացած նվերը՝ «Պարույր Սևակ. գեղագիտություն և բանաստեղծություն» ժողովածուն տեղ կգտնի արգելոց-թանգարանի ֆոնդում: