«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում պարբերաբար բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Պետական գնումների կազմակերպման ընթացակարգով մրցույթը շահած կազմակերպությունը հեռացրել է չորացած թփերը, ճիմապատել տարածքը:
Զբոսաշրջության զարգացմանը խթանելու կարևոր պայմաններից մեկն էլ՝ արգելոց-թանգարանի բարեկարգ վիճակն ու անհրաժեշտ ենթակառուցվածնքերի ապահովումն է:
«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն այսօր հետևել է աշխատանքների ընթացքին ու հանձնարարականներ տվել:
ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ անհրաժեշտ է ճիմապատել նաև տաճարի հետևի հատվածը, սալիկապատել պալատական բաղնիքից վերև՝ դեպի ճեմուղի տանող հատվածը, որը ներկայում անհարմարություն է ստեղծում այցելուների համար: Նրա խոսքով պետք է թարմացնել նաև տաճարի դիմաց գտնվող ծաղկանոցը:
Նախատեսվում է վարդեր տնկել արգելոց-թանգարանի ճեմուղու հարակից հատվածներում:
Արա Թարվերդյանը արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ քննարկել է նաև ճեմուղու երկու կողմերում բացօթյա ցուցադրության համար ըստ ժամանակագրական հաջորդականության շարված ու հնագիտական արժեք ներկայացնող 70-ից ավելի բեկորները այցելուներին ավելի հետաքրքիր ու գեղեցիկ ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով առաջիկայում բեկորները կտեղադրվեն /30 սմ լայնությամբ ու 1.20 սմ երկարությամբ/ բազալտե պատվանդանների վրա: