Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 28-ին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ավանդույթի համաձայն, Վարդավառը գեղեցիկ ու հետաքրքիր կտոնեն:
«Արորդիների Ուխտ» կազմակերպությունը մեր հայրենակիցներին ու Հայաստանը տեսնելու եկած օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին, ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու այդ գեղեցիկ միջոցառմանը:
Վարդավառը իր հեթանոսական ակունքներն ունի, այն նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Ավանդույթի համաձայն տոնի օրը սիրահարները միմյանց սիրո խոսքեր են շշնջում ու վարդաջուր ցողում միմյանց վրա, նաև՝ վարդեր նվիրում: Ավանդույթը չի խախտվի նաև այս տարի: Ընդունված է, որ վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում:
«Արորդիների Ուխտ»-ը խոստանում է, որ միջոցառման մշակութային մասը ոչ պակաս գեղեցիկ կլինի: Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Գրիգոր Համբարյանը և Արսեն Համբարյանը: