ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՑ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՑ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

Լոռու մարզի հուշարձանների պահպանության ոլորտում իրականացրած աշխատանքների, ներդրած ավանդի համար մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագրերին են արժանացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը, տեղակալներ Վազգեն Կարապետյանը, Էմիլ Այբեկյանը, մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը: Շնորհակալագրերը երեկ` Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նրանց հանձնել է մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանը: Իսկ մինչ այդ Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակից ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները, դպրոցականներն ու ուսանողները երթով հասել են Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ կազմակերպվել է նաեւ մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Երթին չի խանգարել նույնիսկ տեղացող ձյունախառն անձրեւը:

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻՄՕՄՕՍ/ առաջարկել է այս տարի տոնը նշել «Կրթության ժառանգություն» խորագրի ներքո` անդրադառնալով կրթությանն առնչվող ժառանգության տեսակներին:

«Հենց այս համատեքստում էլ կարեւորում ենք մշակութային ժառանգության հանրահռչակումն ու կրթությունը երիտասարդ սերնդի համար: Նրանք մեր ապագան են ու պարտավոր են իմանալ, ուսումնասիրել, պահպանել, նաեւ հանրահռչակել մեր պատմամշակութային ժառանգությունը», – իր խոսքում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Նրա համոզմամբ` «Կրթության ժառանգություն» խորագիրը կրող միջոցառումները կնպաստեն, որ հանրությունը մոտիկից հաղորդակցվի մեր դարավոր մշակույթին:

«Լոռի բերդ» արգելոցում տեղի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ, երեկ, օրվա խորհրդին համահունչ, անցկացվել է նաեւ բաց դաս` «Լոռի բերդի պատմությունը եւ Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությունը» թեմայով: