ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 4000 ԱՇԱԿԵՐՏ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 4000 ԱՇԱԿԵՐՏ

2013-04-19T17:48:55+00:00 April 19th, 2013|Լրահոս|

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը միջոցառումներ են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում: Դրանց մասնակցել են մայրաքաղաքի եւ հանրապետության հանրակրթական դպրոցների ավելի քան 4000 աշակերտներ ու պաշտպանության նախարարության 1300-ից ավելի ժամկետային զինծառայողներ, կամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հուշարձանների մաքրման, բարեկարգման աշխատանքներից բացի նաեւ բաց դասեր են անցկացվել: Մասնավորապես Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, այլ մարզերի, ինչպես նաեւ Երեւանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի աշխատակիցները, մարզային ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել հուշարձանների ու դրանց պահպանության վերաբերյալ դասախոսություններով: Թեմատիկ առումով դրանք տարբեր են եղել: Ընտրված սկզբունքն էլ պատահական չի եղել: Յուրաքանչյուր մարզում ներկայացվել է տվյալ մարզի ու նաեւ մեր պատմության անձնագիրը հանդիսացող մշակութային ժառանգությունը:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ համատեղ անց է կացվել «Թանգարանը որպես ոչ ձեւական կրթության միջավայր» թեմայով միջոցառում: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դպրոցականների մասնակցությամբ ասմունքի ցերեկույթ էր կազմակերպել: Երևանի մարզային ծառայությունն էլ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 եւ թիվ Էդվարդ Բոյաջյանի անվան 121 դպրոցների աշակերտների համար «Հուշարձանների պահպանության դերն ապագա սերունդների կրթության և դաստիարակության գործում» և «Կրթության ժառանգությունը» թեմաներով բաց դասեր էր կազմակերպել: Լոռու մարզի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները ծանոթացել են Լոռի բերդի պատմությանը եւ Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությանը: Դասախոսությունների ընթացքում ներկայացվել է օրվա խորհուրդը, հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը, կոչ է արվել պահպանել ու հանրահռչակել մեր պատմամշակութային ժառանգությունը:

Անբարենպաստ եղանակի պատճառով որոշ միջոցառումներ հետաձգվել են: Դրանք կյանքի կկոչվեն առաջիկայում: Ապրիլի 18-ին մենարկած միջոցառումները կեզրափակվեն մայիսի 18-ին: