ՄԱՔՐՎԵԼ, ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ 90 ԱՌԱՐԿԱ

ՄԱՔՐՎԵԼ, ԱՄՐԱԿԱՅՎԵԼ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՆԴԻ 90 ԱՌԱՐԿԱ

2020-06-23T13:24:43+00:00 23/06/2020|Լրահոս|

Վերականգնման լաբորատորիայում շարունակվում են բնականոն աշխատանքները

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում և ենթակա ստորաբաժանումներում համավարակի օրերին հեռավար կամ սոցիալական հեռավորության սահմանված բոլոր կանոնների պահպանմամբ աշխատանքները շարունակվում են։

Մեր տեսախցիկի օբյեկտիվն արձանագրել է ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի աշխատանքային առօրյան։ Բաժնի աշխատակիցները պարետատան կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանմամբ ավարտին են հասցրել 2020 թ․ առաջին կիսամյակի աշխատանքները։

ՊՈԱԿ-ի հնագիտական ֆոնդից լաբորատորիա բերված 90 առարկաներից (ապարանջաններ, օղեր, սափորներ, քրեղաններ և այլն) մաքրվել և ամրակայվել են 69-ը, իսկ վերականգնվել՝ 21-ը։

Լաբորատորիայի աշխատակիցներն այս օրերին աշխատում են նաև Մեծամոր հնավայրի 2016 թ․ հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից պեղված XVIII դամբանաբլուրից  հայտնաբերված հնագիտական նյութերի վրա։

Դամբանաբլուրի պեղումներից հայտնաբերվել են խեցեղենի ավելի քան 5000 բեկորներ, որոնք այժմ անցնում են մաքրման, ամրակայման և վերականգնման փուլերը։ Հայտնաբերվել են նաև մետաղից, կիսաթանկարժեք քարերից և մածուկից պատրաստված ավելի քան 2000 միավոր առարկաներ (ուլունքներ, կախիկներ, կոճակներ և այլն), որոնք արդեն իսկ անցել են մաքրման և ամրակայման փուլերը։