ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2018-03-29T15:58:08+00:00 April 25th, 2013|Լոռի, Լրահոս|

Մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ են, երբ տեսնում ես շարքային քաղաքացու ու պատկան մարմինների ամենօրյա աջակցությունը: Առավել գնահատելի ու գովելի է հատկապես այն հանգամանքը, երբ նրանք գործով են ապացուցում իրենց սրտացավությունը: Լոռու մարզում հաշվառված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող հարցերում մարզպետ Արթուր Նալբանդյանի ցուցաբերած հոգատար, պատրաստակամ վերաբերմունքն ու աջակցությունը դրա լավագույն վկան են:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը երախտագիտություն է հայտնել մարզպետին գործակցության եւ առանձնակի շնորհակալություն այն բարձր գնահատականի համար, որին արժանացել են մարզային ծառայության պետը, աշխատակիցները:

«Լիահույս եմ, որ ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում Վանաձոր մարզկենտրոնում հաջողությամբ կայացած միջոցառումը նոր մեկնարկ կուղենշի մեր պետական կառույցների համատեղ գործունեության հետագա արդյունավետ ծավալման համար», – ասված է Վլ.Պողոսյանի շնորհակալական նամակում:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը, տեղակալներ Վազգեն Կարապետյանը, Էմիլ Այբեկյանը, մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանն արժանացել են մարզպետի շնորհակալագրերին` Լոռու մարզի հուշարձանների պահպանության ոլորտում իրականացրած աշխատանքների, ներդրած ավանդի համար: