ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՏՎԱԾ «ԱՐՓԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՏՎԱԾ «ԱՐՓԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ  «Արփի»  բնապատմական արգելոցում առաջիկայում նոր ծրագրեր կիրականացվեն։ Դրանք միտված են նախ եւ առաջ  հուշարձանի պահպանությանը ու  արգելոցի  զարգացմանը։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը եւ տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը այդ համատեքստում շահագրգիռ  քննարկում են ունեցել «Կովկասի բնության հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի,  «Բնության համաշխարհային հիմնադրամ» -ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանի  եւ «Արփի» բնապատմական հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Մաթեւոսյանի հետ։

Վերջիններս ներկայացրել  են  իրենց գործունեությունը  եւ հնարավոր գործակցության  ասպեկտները։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով «Արփի»-ին մարզի նշանակալի արգելոցն է`  իր  հուշարձաններով  ու  քարանձավներով։  Գաղտնիք  չէ, որ արգելոցը  մշտապես շատ  այցելուներ  է  ունենում։ Համավարակով պայմանավորված օտարերկրացիներ անցած  ամիսների ընթացքում  գրեթե  չեկան,  փոխարենը`  ներգնա  տուրիզմն է ակտիվացել։

«Այցելուների  հոսքն արդեն որոշակի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպում է ենթադրում, նոր ու հետաքրքիր  մոտեցումներով։  Հենց այդ համատեքստում  էլ  ՊՈԱԿ-ը նախատեսում է գործակցել շահագրգիռ  կառույցների  հետ», -իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը։

Նա  ներկայացրել է կազմակերպության լիազորությունները`  հուշարձանի պահպանություն, ուսումնասիրություն, հանրահռչակում եւ  օգտագործում։ ՊՈԱԿ-ի տնօրենը շեշտը դրել  է  կրթական, գիտահետազոտական  ծրագրերի  իրականացման,  հանրահռչակման մասով  էլ`  բազմաբովանդակ  մշակութային  միջոցառումների  անցկացման վրա:

Ի դեպ,  ՊՈԱԿ-ի  և  վերոնշյալ  կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող  բոլոր  գաղափարները, առաջարկությունները  կմշակվեն  եւ  հետագա հանդիպմանը կներկայացվեն  հայեցակարգի տեսքով։

Նախատեսվում է նաև առաջիկայում  համագործակցության  մասին հուշագիր ստորագրել։