ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀ․ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀ․ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2021-08-18T17:16:28+00:00 August 18th, 2021|Տավուշ, Լրահոս|

Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում,  օգոստոսի 17-ին, բացվել է  գեղանկարիչ,  թանգարանաստեղծ  Հովհաննես  Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

«Խոսել Հովհաննես  Շարամբեյանի մասին և ասել, որ նա  միայն արվեստագետ է կամ գեղանկարիչ՝  նշանակում է ոչինչ  չասել։ Շարամբեյանը բազմաբովանդակ անձնավորություն է եղել։  Գեղանկարիչը նրա մասին խոսելիս ասում է՝ գեղանկարիչ, ազգագարագետը՝ ազգագրագետ, այլ ոլորտի մասնագետները նրան ևս համարում են կոլեգա։ Խորհրդային փակ համակարգում նրա վարած կազմակերպչական գործունեւությունը կարելի է իր բրենդային անվանումով կոչել զարգացնող։ Այն ժառանգությունը, որը Շարամբեյանը թողել է Դիլիջանին վկայում է այն մասին, որ նա իրոք եղել է ոչ միայն մշակույթի զարգացնողը։

Շնորհակալ ենք Դիլիջանի երկրագիտական թանգարանի տնօրեն Արման Բադեյանին, որ  հնարավորություն է տվել ներկայացնել  ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Շարամբեյանի ժառանգությունը, մեր հարգանքի տուրքը մատուցել  մեծ հայի  հիշատակին։ Շնորհակալություն նաև Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե  Թորոյանին՝ գործակցության համար», -բացման խոսքում մասնավորապես ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

Գեղանկարչի  թոռը՝  Նարեկ Վան Աշուղաթոյանը շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, նշեց, որ ՊՈԱԿ-ը և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը միշտ վառ են պահել Հովհաննես Շարամբեյանի հիշատակը։ Նրա խոսքով, իր պապի  հիշատակը վառ պահելու ամենագերադրական դրսևորումն այն է, որ նրա թողած ժառանգությունը կյանք վերադառնա ու ապրի։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Դիլիջանի Երկրագիտական թանգարանի և  Հովհ․ Շարամբեյանի ժառանգների նախաձեռնությամբ անցկացվող միջոցառմանը ներկայացվել են արվեստագետի գեղանկարները, լուսանկարները, անձնական իրերը,  գեղանկարչի կյանքը։

Նկարչական գործունեությանը զուգահեռ, Շարամբեյանը հավաքել, պահպանել ու սերունդներին է փոխացնել հայ ժողովրդի կենցաղի, արվեստի արժեքավոր նմուշներ: Ազգային մշակույթը պահպանելու նպատակով հավաքել է  հայկական ժողովրդական արվեստի նմուշները, իր շուրջն է համախմբել   ասեղնագործության, փայտի, գորգագործության, արծաթագործության, բրուտագործության և այլ ոլորտների վարպետների՝  առաջնորդել նրանց  դեպի ազգային մշակույթի ակունքները:

Երեկ  Հովհ․ Շարամբեյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Հացին երգը» խորագիրը կրող միջոցառում էր անցկացվել  նաև Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։