Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ հանրապետության մարզերում ծրագրված մի շարք միջոցառումներ հետաձգվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Դրանք իրականացվել են օրերս: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր եւ Մարտունի համայնքներում դպրոցականների, զինծառայողների, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես բարեկարգվել են «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների» հիշատակը հավերժացնող հուշարձանի, «Արցախյան ազատամարտում զոհվածներին» նվիրված հուշակոթողի տարածքները:
Նմանատիպ նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները: Հանրակրթական դպրոցների աշակերտների ու զինծառայողների մասնակցությամբ նրանք մաքրել եւ բարեկարգել են` Արգել, Բջնի, Վերին Քաղսի, Նուռնուս, Ալափարս համայնքներում, ինչպես նաեւ Աբովյան քաղաքում գտնվող հուշարձանների տարածքները: Զինծառայողներն ու դպրոցականները ծանոթացել են նաեւ մարզի հուշարձանների պատմությանը: