«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2021 թ․ տարեկան աշխատանքների արդյունքները։ Հաշվետություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Արկադի Օսիպովը /հանձնաժողովի նախագահ/, գլխավոր ֆոնդապահ Լիանա Գևորգյանը /հանձնաժողովի նախագահի տեղակալ/:
Արգելոց-թանգարանների, արգելոցների ու մարզային ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները խոսելով 2021 թ․ ընթացքում կատարած աշխատանքների մասին նշել են, որ ՊՈԱԿ-ը կազմակերպել է թվով ինը ցուցադրություն։ Մասնավորապես՝ «Ցլի գլուխը», «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ»-ը, գեղանկարիչ Հովհ․ Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» և այլն։
ՊՈԱԿ-ը իր գործառույթների շրջանակում իրականացրել է հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը, ուսումնասիրմանը միտված աշխատանքներ, հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ։ Կազմակերպվել են գիտակրթական միջոցառումներ, բաց դասեր, էքսկուրսիաներ` հուշարձանների տարածքներ։
Հաշվետվությունները ներկայացնելիս ստորաբաժանումների պատասխանատուներն առանձնացրել են խնդիրները, որոնց առավել հաճախ են հանդիպում աշխատանքի ընթացքում։ Դրանք են՝ պահպանական գոտիների բացակայությունը, անճշտությունները, ենթակառուցվածքների զարգացումը։ Զբոսաշրջության զարգացմանը միտված կարևոր նախադրյալներից է հենց ենթակառուցվածքների ապահովումը։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարեր կամ հուշակոթողներ են տեղադվրել ԵԱԶ հուշարձանների տարածքներում։ Մ/ծ պատասխանատուները հանդիպել են ՏԻՄ մարմինների ղեկավարներին ու խնդրել խաչքարերը տեղադրել ԵԱԶ հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս։
Մ/Ծ պատասխանատուները խոսել են նաև հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումների՝ գանձախուզությունների, գանձագողությունների, անօրինական թաղումների, ինքնակամ շինությունների մասին: Նշվել է, որ իրավախախտումների փաստերով ՊՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն։ 2021 թ․ արձանագրվել է իրավախախտման՝ 128 դեպք։
Ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի Ֆոնդերի, Վերականգնման լաբորատոիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերի, Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, Լրատվության, հրատարակչության և դիզայնի, նաև՝ ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։ Մասնավորապես նշվել է, որ գիտահետազոտական բաժինը Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում» մուտքագրել է 2826 թանգարանային առարկայի տվյալ։
Վերականգնման լաբորատորիայի բաժինը «Հնագիտության» ֆոնդից մաքրել և ամրակայել է՝ 80, վերականգնել` 26 հնագիտական առարկա: Մաքրել, ամրակայել ու վերականգնել են նաև՝ 2016 թ. Մեծամորի պեղումներից հայտնաբերված 2839 միավոր առարկա։
ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրվել են 1672 միավոր առարկայով, հիմնական ֆոնդ ընդունված 1672 միավոր առարկայի համար կազմվել է 16 ընդունման ակտ։ Գիտաօժանդակ ֆոնդ է ընդունվել 45 միավոր առարկա և այլն։ ՊՈԱԿ-ի ֆոնդերից «Հայկական գանձարան» տեղեկատվական շտեմարանը լրացվել է 11․ 021 միավոր թ․ա․ վերաբերյալ տեղեկույթով։
Ամփոփելով 2021 թ. տարեկան հաշվետվությունները հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն գրավոր: