ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՆՇՎԵԼ Է «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ և «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՆՇՎԵԼ Է «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ և «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

Փետրվարի 13-ին «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանում  և  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում  նշվել է  Տյառնընդառաջը:

Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը  Տաճարին։ Հայաստանյաց  Առաքելական Սուրբ  եկեղեցին  Տյառնընդառաջը  կամ 40 օրական Հիսուսի ընծայումը  Տաճարին տոնում է Աստվածահայտնությունից  40 օր հետո։ Տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է կատարվում։ Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։ Եկեղեցու կանթեղներից  վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

«Գառնի» արգելոց-թանգարանում միջոցառումը մեկնարկել է Գառնի համայնքի Սուրբ  Խաչ  եկեղեցուց: Մասնակիցները  եկեղեցու  կանթեղներից  վերցված  կրակով ու  «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ հնչող ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ, շարժվել են դեպի արգելոց-թանգարան, որտեղ քրիստոնեական սուրբ  Սիոն  եկեղեցու ավերակների դիմաց /խոտածածկ հատվածում/ վառվել է Տյառընդառաջի խարույկը:

Տոնական տրամադրությունը իր շուրջն էր համախմբել տեղացի ու օտարերկրացի այցելուներին։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում միջոցառումը մեկնարկել է նորապսակների օրհնության կարգով, որը կատարել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը։

Տյառնընդառաջի խարույկի շուրջ ներկաները  ակնդրել են «Վարք հայոց» ազգագրական երգ ու պարի խմբի գեղեցիկ կատարումները։