«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի պահպանվածության առումով վտանգված մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։
Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.
- 5-7-րդ դարերով թվագրվող Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրը, որի Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ., սակայն առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:
- Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրի կառույցները, որոնցից առանձնանում է խաչաձև հատակագծով, եռախորան, գմբեթավոր բազիլիկը՝ Կաթողիկե եկեղեցին՝ սրահի կենտրոնի յուրահատուկ շրջանաձև սալահատակով:
- Արուճի և Թալինի եռանավ քարավանատները՝ կիսավեր վիճակում: Վերջինս իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը:
- Արագածոտնի գավառը սելջուկներից ազատագրելու առիթով Կոշում 1195թ. կանգնեցված որմնափակ խաչքարը՝ խիստ խարխլված և հողմահարված:
- Կոշ բնակավայրից 500մ դեպի հյուսիս-արևելք, ձորալանջի բարձրունքի վրա վեր խոյացող սբ. Ստեփանոս Եկեղեցին, որի հյուսիսային և արևմտյան պատերն ամրացված են ժայռերի մեջ:
- Նաև Թալինի Ս. Աստվածածին եկեղեցու, Կոշի հիմնավեր մատուռի, «Կապույտ խաչ» մատուռի, ջրամբարի վիճակը:
ՊՈԱԿ-ի մասնագետները եղան Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում: