Հայ ժողովրդի կենցաղում մեծ տարածում ունեին կարպետագործ տարբեր իրերը՝ խուրջինները, աղաքսակները, անկողնապարկերը և ձիու ծածկոցները։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքի հավաքածույում ներկայացված են դրանց մի քանի տասնյակ օրինակներ, որոնցից արժանի է ուշադրության ձիու ծածկոցը։ Այն քառակուսի կարպետ է, որը երկու կողմերից ունի երկարավուն հավելվածներ, որոնք մեր օրինակում հիմքից անջատված են։ Ձիու ծածկոցը գործված է շուլալ կար տեխնիկայով․ հիմքը սպիտակ բամբակյա թելից է, զարդանախշված է բազմագույն բրդյա թելերով արված կենդանական, բուսական և երկրաչափական պատկերներով։