«Սասունցի Դավթի» արձանը

«Սասունցի Դավթի» արձանը

2023-02-28T15:37:52+00:00 28/02/2023|Լրահոս|

Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ընդգրկված «Սասունցի Դավիթ» արձանը։

ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Երևանի մարզային ծառայության աշխատակիցները  հերթական շրջայցն  են իրականացրել, այս անգամ Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Սասունցի Դավիթ» արձանի տարածքում։

Շրջայցի ընթացքում արձանի հետ կապված իրավախախտման դեպք չի արձանագրվել, պահպանվածության առումով գտնվում է լավ վիճակում։

 

Հետաքրքիր  փաստեր  արձանի  մասին

Արձանը տեղադրվել է 1959 թ․-ին, հեղինակն է՝  քանդակագործ  Երվանդ Քոչարը, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյանը։ Արձանի բնորդն է հանդիսացել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Վայրը, որտեղ տեղադրված է արձանը, կոչվում է Սասունցի Դավթի հրապարակ:

Արձանը պատրաստված է կոփածո պղնձից, բազալտից։

Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է Հայաստանը։

Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը։

Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է  էպոսի ծագումնաբանությանը:

Քանդակի առաջին գիպսե տարբերակը Քոչարը ստեղծել է 1939 թվականին, Էպոսի 1000-ամյա տարեդարձին՝ 18 օրում։