«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։
Համայնքապետարանի գործակցությամբ խաչքարը կտեղադրվի նախատեսված տարածքում։
Հորդորում ենք բոլոր քաղաքիցներին, զերծ մնալ նմանօրինակ գործողություններից և խնամքով վերաբերել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։
Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա:
Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:
Կապտավանքը այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք հայ քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ի հայտ եկան միայն XIV դարի առաջին կեսին և մեկ կառույցի մեջ կարողացան մեկտեղել երեք նշանակության շինությունների` դամբարան-եկեղեցի-զանգակատուն:
Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ. (նախագծի հեղինակ Գ. Ղաֆադարյան):