Թանգարանից դուրս երգ ու պար՝ «ջան գյուլում», ներսում ՝ ֆիլմի դիտում Մեծամոր հնավայրի մասին։
«Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բեմադրեցին Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» վիպակի թատերականացված ընթերցումը։
«Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագիրը կրող միջոցառումը այնուհետև շարունակվեց ֆիլմի դիտումով։ Մեծամոր համայնքի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները ֆիլմ էին պատրաստել «Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին՝ որպես մշակույթի ծաղկուն կենտրոն» խորագրով։
Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մեծամոր համայնքի Սաշա Գալստյանի անվան հիմնական դպրոցի, Տարոնիկ գյուղի միջնակարգ դպրոցի, Արմավիր քաղաքի «Վահագն» ավանդական երգի պարի խմբի և «Վերելք» դրամատիկական թատրոնի գործակցությամբ։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում օրը կրկնակի տոնական էր։ Թանգարանների միջազգային օրը համընկել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնին։
Թանգարանի էքսկուրսավար Մարգարիտա Գրիգորյանը երեխաներին, հյուրերին, ներկայացրեց Համբարձման տոնի խորհուրդը։
Տոնական միջոցառումը եզրափակվեց քրիստոնեական խորհրդով ու պատգամներով։