Հունսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցում կանցկացվեն միջոցառումներ։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում, երեխաների համար կկազմակերպվի «Ճանաչի՛ր տաճարի յուրաքանչյուր բեկորը գույնի միջոցով» միջոցառումը․ մասնակից երեխաներին կտրամադրվեն տաճարի և ճարտարապետական մանրամասների գծապատկերները։
Մասնակիցները հնարավորություն կստանան ինքնուրույն ներկելու ճարտարապետական բեկորների գծային պատկերները։
Միջոցառման համար նախատեսված Արվեստագետի տան վերնահարկի բաց տաղավարը զարդարված կլինի «Զվարթնոց» տաճարի ճարտարապետական մանրամասների, ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի կրկնօրինակներով։
Երեխաների համար նախատեսվում է հարթակ կավճանկարչության համար։
Միջոցառման ընթացքում աշակերտներին կուղղորդեն, հետաքրքրող հարցերին կպատասխանեն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները։
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի տարածքում կանցկացվի կրթական ծրագիր, երեխաները կծանոթանան Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներին, կգունավորեն առակներին համապատասխան զարդամոտիվներ:
Միջոցառումների մեկնարկը ժամը 10։00։