Նախ այնքան էլ հետաքրքիր չէր, հետո՝ կամաց-կամաց հետաքրքրեց, հիմա առանց նրանց կյանքը չի պատկերացնում Ռուստամ Ներսիսյանը։
Ձմռան ցրտին հիշում է՝ արևոտ մի օր էր 2003-ի հուլիսին, երբ առաջին անգամ իրավաբանի դիպլոմը ձեռքին ոտք դրեց Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայություն ու մինչև այսօր արդեն 20 և ավելի տարի հուշարձանի նվիրյալ պահապան է։
Ռուստամ Ներսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան
Անկեղծ կասեմ, որ սկզբնական շրջանում մեծ չէր հետաքրքրությունը հուշարձանների նկատմամբ, բայց աշխատանքային այս երկար տարիների արդյունքում կապվել եմ իմ պահպանության տակ գտնվող բոլոր հուշարձաններին։ Ամեն հուշարձան իր յուրահատկությունն ունի։
Յուրահատուկ հուշարձաններով հարուստ Ծակքարից մինչև Երանոս, Ծովասար ու Ձորագյուղ Ռուստամ Ներսիսյանի պահպանության, խնամքի տակ են։ Աշխատանքային տարիներին հուշարձանների տարածքում բազմաթիվ իրավախախտման դեպքեր է կանխել ու բացահայտել։
Ռուստամ Ներսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան
Ինչքան էլ իրազեկում ենք մեր ազգաբնակչությանը, ցավոք դեռ մեր հասարակության մեջ չկա էն գիտակցումը, որ չի կարելի հուշարձան վնասել, օրինակ դեպքեր ենք ունեցել, որ հին գերեզման են քանդել, որ տեղում նոր թաղում անեն։ Բնականաբար կանխել ենք, թույլ չենք տվել։
Բազմաթիվ են բարձրադիր վայրերում գտնվող խաչքարեր, վանքեր, դամբարանադաշտերը, որոնք ձմռան ամիսներին դժվար է այցելելը։ Վստահեցնում է՝ մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կլինի աշխատանքը պատշաճ կատարելու համար։
Ռուստամ Ներսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան
Դրանք դժվարություններ չեն մեր սովորական առօրյա աշխատանքի մի մասն է։ Միայն օդալուսանկարահանող սարքեր կցանկայի, որ ունենայինք ձեռքի տակ բարձրադիր հատվածներում գտնվող հուշարձանները լուսանկարելու համար։
Հուշարձանների պահապաններին լավ գիտեն մարզում, ասում է՝ ճանաչում են, վստահում, լավ, թե վատ լուր հուշարձանի մասին կամ նոր հուշարձանի հայտնաբերում առաջինն իրենց են տեղեկացնում։
Ռուստամ Ներսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան
Իրականում բնակիչները մեզ շատ են օգնում այս հարցում, որովհետև մենք քիչ ենք հուշարձանները՝ շատ են, ու հաճախ մեզ տեղեկացնում են այս կամ այն վայրում տեսած նոր հուշարձանի մասին, մենք էլ գնում ենք հետքով երբեմն էլ արձանագրում նորահայտ հուշարձաններ։
Նորահայտ հուշարձանների ցանկը Գեղարքունիքում վերջերս է համալրվել․ Պահապան Ներսիսյանը ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների հետ շրջայցի ժամանակ կարևոր ու հետաքրքիր հուշարձան է հայտնաբերել Ձորագյուղ համայնքում։ Բնակչի հողամասում հողի հաստ շերտի տակից հանել, նոր կյանք են տվել 9-10-րդ դդ․ թվագրվող խաչքարի և 19-րդ դարով թվագրվող Ձիթհանի։