Երևանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

Երևանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

2024-01-26T10:46:46+00:00 26/01/2024|Լրահոս|

Վերականգնման լաբորատորիայում անսովոր աշխուժություն է․ Հյուրերը  Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն են։

«Մեզ շրջապատող քանդակները»  նախագծային աշխատանքի շրջանակում  7-րդ դասարանցիները ՀՀ ԿԳՄՍՆ  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ծանոթացել են խաչքարերի, տարբեր քանդակների վերականգման, ինչպես նաև թանգարանային առարկաների մաքրման, վերականգման աշխատանքներին։

Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի ղեկավար

 Տեսեք սա Խաչատոր Աբովյանի  թանգարանի բակում գտնվող արձանն է՝ մաքրման աշխատանքից  առաջ և հետո։ Այստեղ դուք տեսնում եք բեկորներից արդեն վերականգնված կավանոթը, որը մեր մասնագետը նոր է ավարտել, այժմ վերջին շտրիխներ է կատարում ֆոնդ հանձնելուց առաջ։ Ինչ եմ ուզում ասել Լինի ուղղակի մաքրման, թե վերականգնման աշխատանք մեծ ուշադրություն ու զգոնություն է պահանջում, քանի որ գործ ունենք մեր հարուստ պատմամշակութային ժառանգության հետ։

Պատմամշակութային ժառանգության հուշարձանների, պատմամշակութային արգելոցների, արգելոց-թանգարանների  դերի, կարևորության ու պահպանության անհրաժեշտության մասին  աշակերտներին ծանոթացրել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանն ու Հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը։   

Վիկտորիա Իսահակյան Հուշարձանների պահպանության բաժնի պետ

Մեր երկրում ավելի քան 25 հազար հուշարձան կա, որոնց պահպանությամբ զբաղվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։  Հուշարձանի պահպանություն նշանակում է հուշարձանի հայտնաբերում, ուսումնասիրություն, ամրակայում, նորոգում և վերականգնում։ Շատ կարևոր է, որ հուշարձանի պահպանությամբ ոչ միայն մենք զբաղվենք, այլև բոլորը լինեն հուշարձանի, մշակույթի պահապան՝ սկսած ձեզնից ու ձեր տարիքի բոլոր աշակերտներից։

Աշակերտների շարքում  նախագծային աշխատանքում ընդգրկված է նաև Արցախից բռնի տեղահանված  Ալիսիան։ Խոստովանում է «Պահպանության ծառայությունից»  հեռանում է մեծ տպավորություններով,նորից հանդիպելու ակնկալիքով։

Ալիսիա Կոստանդյան Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի

Շատ տպավորված եմ, ինձ դուր եկավ հատկապես վերականգման լաբորատորիայում կատարվող աշխատանքները, թե ինչպես են  վերականգնողները մաքրում, վերականգնում ու պահպանում առարկաները։

Մինչև «Պահպանության ծառայություն» այցելելը, աշակերտները արվեստ առարկայի ուսուցչուհու հետ ուսումնասիրություններ են իրականացրել, հանդիպել   քանդակագործի հետ, նաև սեփական ձեռքերով փորձել քանդակներ, էսքիզներ անել։

Լուսինե Ղազարյան  Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի արվեստ առարկայի ուսուցչուհի

Հրաշալի հանդիպում էր,  տպավորությունը մեծ է նման միջոցառումները պետք է հաճախակի լինեն, այն գործառույթը, որը իրականացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կարևոր է, ցանկությունս մեծ է իմ բոլոր աշակերտներին ծանոթացնելու մշակութապահպան այս կառույցին։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  նախագծային աշխատանքին դեռ օժանդակելու են՝ ծանոթացնելու  նաև օղակաձև այգու տարածքում գտնվող հուշարձաններին։