Թանգարան-համայնք-կրթօջախ գործակցությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում նշվել է Տյառնընդառաջը։
Միջոցառումները մեկնարկել են ազգային երգ ու պարով, բացվել է ավանդական սեղան՝ տոնական կերակրատեսակներով, երիտասարդները վառել են Տյառնընդառաջի խորհուրդ խարույկը։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղացիներից բացի տոնին մասնակցել են նաև օտարերկրյա հյուրերը՝ իրենց հետ տանելով աղանձով լի տոպրակներ։
Օրվա տոնական ընթացքը շարունակվել է «Աղձք» և «Ագարակ» պատմամշակութային արգելոցներում։
Հոգևոր հայրը նախ ներկայացրել է տոնի խորհուրդը, ապա վառվել է տոնական կրակը։ Արագածոտնի մարզի բնակիչները ազգային երգ ու պարով են նշել մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Միջոցառման մասնակիցների շարքում ակտիվությամբ աչքի են ընկել Ագարակի Տ․ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։
Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի սաները օրը տոնել են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում։
Միջոցառումը մեկնարկել է եկեղեցու բակում․ բաց դասի շրջանակում մատաղ սերնդին ներկայացվել են ազգային-քրիստոնեական արժեհամակարգն ու ամուր ընտանիքի կարևորությունը։
Համայնքի մեծ ու փոքր բնակիչներով, ազգային երգ ու պարով Տյառնընդառաջը նշել են նաև «Դաշտադեմ ամրոց», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցներում, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Արփի» բնապատմական արգելոցում և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Բոլոր արգելոցներում մասնակիցներին բաժանվել է աղանձով լի տոպրակներ՝ հայկական ժողովրդական խաղիկներով, որոնք պատրաստել էին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։