ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում է գտնվում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը։
Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը հիմնադրվել է 1984 թ. Վերնաշենի Սբ Հակոբ եկեղեցում։
Թանգարանային ցուցադրությունում ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշ: Վերջիններս հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու համալսարանի հիմնադրման նախադրյալների, թողած մշակութային արժեքների և ավանդների, դրանց արդի նշանակության վերաբերյալ:
XIII-XIV դդ. պատկանող նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»:
Այն 2003 թ. թվականից հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղը: