Այսօր Երվանդ Լալայանի 160-ամյակն է

Այսօր Երվանդ Լալայանի 160-ամյակն է

2024-03-13T11:57:55+00:00 13/03/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հնագետ, ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանը ծնվել է 1864 թվականի մարտի 13-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։

1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։

1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան։ Փարիզի մարդաբանական դպրոցում ծանոթացել է մարդաբանության սկզբունքներին:

1895-1897-թթ․, դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում:

Մանուկ Աբեղյանի, Թորոս Թորամանյանի, Հրաչյա Աճառյանի, Լեոյի,  Ս. Լիսիցյանի և ժամանակի անվանի այլ գիտնականների հետ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը։

Հանդեսի համարներում տպագրվել են ինչպես ազգագրական ու բանահյուսական հարուստ նյութեր, այնպես էլ տեսական աշխատություններ, հնագիտական ուսումնասիրություններ, մարդաբանությանը վերաբերող հետազոտություններ և այլն:

Լալայանի ջանքերով 1921-22 թթ․ Երևան է տեղափոխել Թիֆլիսում գործող Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հավաքածուները և գրադարանը որի հիմքի վրա էլ ձևավորվել է Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձել է նրա առաջին վարիչ-տնօրենը:

Երախտավոր գիտնականը մահացել է  1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: