«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անձրևային այս օրը թորամանյանական շնչով էր լցված։ Թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Ճարտարապետական հուշարձանների լուսանկարներ, նամակներ, նոթեր ճամփորդություններից, չափագրություններ, թվայանցված սևանկարների օրինակները մի պատառիկն են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Թորամանյանի անձնական հարուստ արխիվից, որոնք ներկայացվել են ցուցադրության։
Բացման խոսքում Պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը նշում է․
««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված է ճարտարապետի գործունեությունը մի քանի ասպարեզներում, նյութերը վերցրել ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերից:
Ներկայացված են Թորամանյանի արխիվային լուսանկարներից ինչպես արդեն հրապարակվածները, այնպես էլ բացառիկ օրինակներ, որոնք առաջին անգամ հենց այս ցուցադրության այցելուները կարող են տեսնել։
Այս ցուցադրությամբ բացահայտել ենք բազմաշնորհ ճարտարապետի»:
Հայ ճարտարապետության նվիրյալի առաջին երազանքը 1937 թվականին է իրականացվել՝ Զվարթնոցը ունի թանգարանային շենք, սակայն տաճարի տարածքում գտնվող ճարտարապետական բեկորների
պահպանությունը դեռևս իրականացված չէ, բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշում է.
«Թորամանյանի երազանքն էր, որ Զվարթնոցը ունենա թանգարան, այն իրականություն է, որտեղ էլ և նշվում է նրա 160 ամյակը:
Թորամանյանի երկրոդ երազանքը, դարձել է նաև մերը, տաճարի տարածքում գտնվող բեկորները պետք է ծածկի տակ առնվեն, որ անձրևի ու արևի ազդեցությանը չենթարկվեն:
Առաջիկայում նախատեսվում է ապահովել այդ բեկորների պատշաճ պահպանությունը:
ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է նմանօրինակ միջոցառումները, հատկապես մեր երախտավորներին հիշելը և նրանց կատարած աշխատանքն ու թողած ժառանգությանը տեր կանգնելը:
Այս ցուցադրությունը նվիրված է Թորամանյանին, ներկայացված է նրա կյանքն ու գործունեությունը, թե ինչ զրկանքով ու դժվարությամբ է աշխատել, շատ բարդ ժամանակաշրջանում:
Այդ ամենը ավելացնում է մեր բոլորի պատասխանատվությունը պահպանելու այն ժառանգությունը, որոնք երեխտավորները իրենց կյանքի, առողջության գնով հանել են պատմության խորքերից և ավանդել մեզ»:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանում Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը բաց է, կշարունակվի ևս մեկ ամիս։