«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք:
Արգելոցը գործում է 1974 թ.-ից, իսկ 2003 թ.-ից գործում է որպես ՀՀ մշակույթի /ԿԳՄՍ/ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ։
Վանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշը։
Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում։
Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: