Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ին և Թանգարանների միջազգային օրվա՝ մայիսի 18-ին ընդառաջ Երևանում տեղադրվել են գովազդային-տեղեկատվական ցուցապաստառներ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղադրված 10 երկլեզու ցուցապաստառը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում են՝ անցորդներին, կանգառում սպասողներին ևս մեկ անգամ հիշեցնելու կարևոր օրերի մասին։
Ապրիլի 18-ը՝ որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ կողմից ներկայացված առաջարկությամբ նշվում է 1983 թվականից։
Այդ օրը բազմաթիվ երկրներում անցկացվող տարաբնույթ միջոցառումներն էականորեն բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:
Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին՝ միանալով միջազգային օրվան։
Թանգարանների միջազգային օրվա հիմքը դրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ):
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի և Թանգարանների միջազգային օրերի շրջանակում նախատեսում է տարաբնույթ միջացառումներ անցկացնել Հանրապատության հուշարձանների տարածքներում։ Միջոցառումների օրվա, տեղի, ժամի մասին կհայտնենք լրացուցիչ։