Շիրակի գողտրիկ հուշարձանը՝ Լմբատավանք (Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցի)

Շիրակի գողտրիկ հուշարձանը՝ Լմբատավանք (Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցի)

Լմբատավանքն է՝ գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք: Խաչաձև գմբեթավոր կառույցը թվագրվում է VI-VII դդ․: Ճարտարապետական առանձնահատկություններն են թաղի փոխարեն գմբեթարդով ծածկված հյուսիսային և հարավային ուղղանկյուն թևերը, պայտաձև խորանն ու կամարները:

Վերասլաց համաչափություններով ճարտարապետական գողտրիկ շինությունը կառուցված է արթիկ-տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Պատերին կան XII–XIII դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ. Հիշատակվում են Լմբատավանքին նվիրաբերած Ցիցք, Սառնաղբյուր (սրա անունով վանքը կոչվում է նաև Սառնաղբյուրի Ս. Ստեփանոս), Հայրենյայց Թաղք, Յարդիք (ներկայիս Արթիկ քաղաքը) գյուղերը: Ամենավաղ արձանագրությունը Վահրամ Պահլավունի իշխանի որդի Բարսեղի թողած 1191 թ. արձանագրությունն է: Պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ Ավագ խորանի գմբեթարդի և դրան հարող արևելյան պատի վրա: Պատկերված է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը: Պատկերագրման ոճով հայկական մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ նմուշներից է:

1953-1954 թթ. պեղվել է Լմբատավանքի շրջակայքը: Հայտնաբերվել են խաչքարերի պատվանդաններ, IX-X դդ. գերեզմաններ, VII-XIII դդ. քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ, մետաղյա գործիքներ և այլ առարկաներ:

Հուշարձանընորոգվել է X-XIII-րդ դարերում: 1953-1955 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից վերանորոգվել են մասամբ վթարված գմբեթը, խաչաթևերի ծածկերը, քիվերը:

 

Հիմնական գրականություն

 

Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975:

Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982: