Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի 1-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել է «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագիրը։
Արհեստական պեղավայրում երեխաները իրենց ձեռքով հողի տակից պեղել են տարբեր առարկաներ, բացահայտել են, թե ինչպես են մեր նախնիները ապրել, ինչ կենցաղային ու ծիսական առարկաներ են օգտագործել։ Կրթական ծրագրին մասնակցող երեխաները հարց ու պատասխանի միջոցով բացահայտել են 3000 տարի առաջ զարդերի, նետասլաքների և այլ իրերի պատրաստման եղանակները և իրենք էլ ստացել են այդ առարկաների կրկնօրինակները։
«Արի՛ խաղանք հնագիտություն» ծրագիրն իրականացվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Awesome Foundation Yerevan-ի գործակցությամբ, ծառայության կողմից տրվել է շնորհակալագիր։
Երեխաների օրը տոն դարձնելու միջոցառումները շարունակվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Թանգարանը երեխաների համար ստեղծել էր տոնական անկյուն՝ լի տարբեր հեքիաթների գրքերով։ Փոքրիկ այցելուները Վայոց ձորի մարզից էին՝ Ջերմուկի կրթահամալիրից, ովքեր մասնակցել են «Հեքիաթի աշխարհում» կախարդական ծրագրին։