Հարգելի՛ ընթերցող, նկարում պատկերված հուշարձանը 12-13-րդ դարով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունն է՝ «ժամանակակիցների նկարազարդումներով»։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն են հերթական շրջայցի ընթացքում արձանագրել, որ միջնադարյան կառույցի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։
Ցավոք նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ Սույն թվականի հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Երևան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։
Կոտայքի մարզի Լեռնանիստի 13-20 դարով թվագրվող գերեզմանոցում էլ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են խոշոր եղջերավոր անասունների մուտքը։
Տեղեկացնում ենք, որ Հանրապետության հուշարձանների տարածքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները սահմանված գրաֆիկով իրականացնում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։
Հարգելի՛ հայրենակիցներ, հուշարձանների պահպանությանը հետևելը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքն է, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերել պատմամշակութային հուշարձաններին ու պատմական միջավայրին, չ՛բարձրանալ խոնարհված եկեղեցիների, վանքերի պատերին, մոմեր չվառե՛լ չնախատեսված վայրերում, որպեսզի չխաթարվի պատմական հուշարձանների տեսքը։