Շրջայց Խորանաշատ վանական համալիրում

Շրջայց Խորանաշատ վանական համալիրում

2024-07-03T16:09:40+00:00 03/07/2024|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջայց է իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող միջնադարի նշանավոր հոգևոր կենտրոն Խորանաշատ վանական համալիրում։

Աշխատանքային խմբին  ուղեկցել են՝ Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը և Չինարիի վարչական ղեկավարը։

Ուսումնասիրվել է վանական համալիրի ներկա վիճակը։

Հարություն Վանյան ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Աշխատանքային խմբի հետ, որի անդամ է նաև ավելի քան 40 տարի առաջ նախագծային խումբը ղեկավարած վերականգնող ճարտարապետ Մերի Դանիելյանը ուսումնասիրեցինք և քննարկեցինք վանական համալիրի խնդիրները, վերականգնման հնարավորությունները, 40 տարի առաջ արված նախագծի լրամշակման անհրաժեշտությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հնարավոր տարբերակներ են քննարկում ամրակայման, վերականգնման համար։

Խորանաշատ վանական համալիրը գտնվում է Չինարի գյուղից 1 կմ հյուսիսարևելք, սարի անտառապատ լանջին:

Վանքը XIII դ. հիմնադրել է Հովհաննես Վանական Վարդապետը: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր և այլն:

Վանքից արևելք պահպանվել են Ս. Ճգնավոր մատուռի մնացորդներ, մեծ քանդակազարդ թևավոր խաչքար, միջնադարյան գերեզմաններ: Հավանական է, որ այստեղ է Հովհաննես Վանական Վարդապետի շիրիմը (վախճանվել է 1251 թ.):

Խորանաշատ վանական համալիրը միջնադարում եղել է գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրչագրվել են ХIII-ХVII դդ. բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Այստեղ գործել են նաև մի շարք նշանավոր դեմքեր, Վանականի աշակերտներ` պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակնեցին, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ: Վանականից հետո վանքի դպրոցը գլխավորել են Գրիգորիս և Պողոս վարդապետները: