Սարգիսը, Մարին, Էրիկը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան դպրոցի սաներն են, որոնք համադասարանցիների հետ տեղափոխվել են միջնադար, դարձել հնագետ և վերականգնող, այնուհետև թանգարանի այցելու։
Արագածոտնի մարզում մեկնարկել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Պատանի հուշարձանագետ» ծրագրերով հագեցած ամառային դպրոցը։
Դպրոցականները նախ «Մեկ օր միջնադարում» կրթական ծրագրի շրջանակում միջնադարյան զինվորներ են դարձել, որից անմասն չեն մնացել դպրոցի պատմության ուսուցչուհիները։
«Դաշտադեմ» ամրոց պատմամշակութային արգելոցում հագել են միջնադարյան զինվորի հանդերձանք «մարտնչել» նետով ու նիզակով, շրջել արգելոցում և վերադարձել դպրոց, որտեղ սպասվում էր վերականգնողի աշխատանքը։
Աշակերտներից Էրիկը անմիջապես յուրացրել է բեկորներից անոթը ամբողջացնելու հմտությունը և արագ գործի անցել։
Էրիկ Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան 6-րդ դասարանի աշակերտ
Ինձ շատ դուր եկավ վերականգնողի աշխատանքը, դրանք հերթով պետք է մաքրել, սոսնձել, սպասել, որ չորանա և թանգարանային առարկան արդեն պատրաստ է, այդպիսի օրինակներ նաև մեր դպրոցի թանգարանում կան։
Ամբողջացնելով կավանոթի բեկորները, երեխաները վերականգնող դառնալու փափագը սրտներում պահելով նույն լսարանում խաղացել են հայկական հին տոմարին վերաբերող խաղերը, տվել ճիշտ պատասխաններ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցառումները այսքանով չի ավարտվել, դպրոցում բացվել է «Հայաստանի ճարտարապետական ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Հայաստանի հուշարձանները և ծառայության ֆոնդում պահվող հուշարձանների մանրակերտները։