ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՇՈՒՐՋ 59 ԱՆՈՒՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՇՈՒՐՋ 59 ԱՆՈՒՆ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ԻՆ

2013-07-13T13:55:17+00:00 July 13th, 2013|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Դ. Լիխաչովի անվան մշակութային ու բնական ժառանգության ինստիտուտի» միջեւ 2012 թ. կնքվեց գործակցության պայմանագիր: Փաստաթղթով նախատեսվում էր գործակցություն մշակութային ու բնական ժառանգության պահպանման ու ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական մշակութային ժառանգության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում հայկական մշակութային ժառանգության ուսումասիրման համատեղ ծրագրի իրականացում:

Այդ համատեքստում գործնական քայլեր արդեն կատարվել են: Դեռ նախորդ տարի ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ռուս գործընկներներին է հանձնել ռուսական հուշարձանների շուրջ 30 անուն փաստավավերագրական նյութերի կրկնօրինակներ` փաստաթղթեր, չափագրություններ, լուսանկարներ։ Հայկական տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանի՝ Գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու համատեքստում ՊՈԱԿ-ի տնօրինությունը Դ. Լիխաչովի անվան գիտահետազոտական ինստիտուտին էր նվիրել նաեւ Հայաստանի հուշարձաններին վերաբերող 25 անուն ռուսերեն գրականություն:

Ս. թ. հունիսի 24-28-ը ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին ու հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գոռ Գասպարյանին Մոսկվայում հյուրընկալել էին ռուս գործընկերները: Հայկական կողմին են հանձնվել հայկական հուշարձանների շուրջ 59 անուն փաստավավերագրական նյութերի կրկնօրինակներ , փաստաթղթեր, չափագրություններ, լուսանկարներ: Եւս 23 փաստավավերագրական նյութեր ռուսական կողմը ՊՈԱԿ-ին էր փոխանցել 2012 թ.: Ի դեպ, դրանց թվում եղել են նաեւ 1981թ. պատրաստված Գանձասարի վանական համալիրին վերաբերող փաստավավերագրական նյութեր:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են գործակցության արդյունավետությունն ու դա շարունակելու անհրաժեշտությունը: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը տեղեկացրել է, որ այս տարի լրանում է ծառայության հիմնադրման 25-ամյակը. նախատեսված են մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 24-28-ը Երեւանում կկայանա նաեւ միջազգային գիտաժողով: Ռուս գործընկերներին Վլ.Պողոսյանը եւս հրավիրել է մասնակցելու գիտաժողովին: Ինստիտուտի տնօրեն Պավել Յուդինի արձագանքը դրական է եղել: