ՊԱՏՎՈԳՐԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ՊԱՏՎՈԳՐԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

2013-10-07T16:50:10+00:00 07/10/2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր գործունեության 25 տարիների ընթացքում բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, լուրջ հաջողություններ ձեռք բերել: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այսօր կառույցի հիմնադրման 25 ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ համոզմունք հայտնեց, որ թիմային աշխատանքի արդյունքներն ակնառու են:

«Միասնական ջանքերով արդյունքն ակնհայտ է լինում, համոզված եմ, որ առաջիկա 25 տարիների ընթացքում կատարված աշխատանքները կկրկնապատկվեն», ասաց Վլ. Պողոսյանը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքի արդյունավետությունը ակնհայտ էր նաեւ վերջերս Երեւանում անցկացված գիտաժողովի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո: Շնորհակալական նամակներ են ստացվում մասնակից պետությունների գործընկերների կողմից:

ՊՈԱԿ-ի ղեկավարը մեկ անգամ եւս շնորհավորելով կոլեկտիվի անդամներին տարեդարձի առիթով հաճելի անակնկալ մատուցեց: «Պահպանության ծառայության» 20-ից ավելի երկարամյա աշխատակիցներ արժանացել են Մշակույթի նախարարության պատվոգրերին ու շնորհակալագրերին: Վլ. Պողոսյանը հանդիսավորությամբ նրանց հանձնեց պարգեւները` վստահեցնելով, որ լավ աշխատանքը իսկապես գնահատվում է: Պարգեւատրվածների թվում էին Վայոց ձորի էին ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը, Շիրակի մարզային ՊՄՊ ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը, Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը, ՊՈԱԿ-ի ֆոնդերի հաշվառման եւ պահպանության, աղբյուրագիտության եւ խմբագրական բաժինների, մասնաճյուղերի աշխատակիցներ: