ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երևան համայնք
Կենտրոն վարչական շրջան
պետ. ցուցիչ` 1.6.121
Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում` Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմյան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը` Լիպարիտ Սադոյանը: Արձանի նյութերը` բրոնզ և գրանիտ:
Ավետիք Իսահակյանի հիշատակի հավերժացմանը նպատակաուղղված` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշման /1958 թ. մարտ/ հիման վրա հայտարարվեց մրցույթ Երևանում նրա արձանը կանգնեցնելու համար:
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Արարողությանը մասնակցել են ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, մտավորականության ներկայացուցիչներ:
Հիմնական գրականություն
Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004: