ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 105–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 105–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

2013-12-27T13:19:45+00:00 27/12/2013|Լրահոս|

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է հնագետ, արեւելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու ծննդյան 105 -ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցադրվել են հնագետի հեղինակած գրքերը, ճանապարհորդությունների ժամանակ կատարած մատիտագրությունները, լուսանկարներ, ինչպես նաեւ ինքնակենսագրության ձեռագրի բնօրինակը: Բ. Պիոտրովսու գիտական գործունեության զգալի մասը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Ավարտելով Լենինգրադի համալսարանի պատմալեզվագիտական ֆակուլտետը`նա Նիկողայոս Մառի հանձնարարականով նա աշխատանքի է ընդունվում Պետական Էրմիտաժում: 1930 թ. Ն. Մառի խորհրդով Պիոտրովսկին սկսում է զբաղվել ուրարտագիտությամբ, ավելի ուշ` 1939 թ. Կարմիր բլուրի պեղումներով սկսվում է գիտական գործունեության նոր փուլ, որը նրա կյանքն ու առաքելությունը կապում է Հայաստանի հետ: Տարածաշրջանի հնագիտական ու սեպագիր աղբյուրների ուսումնասիրության, ուրարտական հուշարձանների մասին եղած ժողովրդագրական նյութի ուսումնասիրության արդյունքում նա շարադրում է հայոց հնագույն շրջանի եւ Ուրարտուի պատմությանն ու մշակույթին նվիրված իր հիմնաքարային մենագրությունը` «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը»: Բ. Պիոտրովսկու ներդրած հաջորդ մեծ ավանդը Հայաստանի ու Անդրկովկասի հնագիտության բնագավառում միջին բրոնզեդարյան հուշարձանների ուսումնասիրությունն էր ու Կիրովականի դամբարանի պեղումները: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2014 թ. հունվարի վերջ: