ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

2014-07-04T16:02:42+00:00 03/06/2014|Արագածոտնի Հուշարձաններ|

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)
Արագածոտնի մարզ
գ. Արուճ
պետ. ցուցիչ` 2.22.8.2

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգել է Խաչատուր վարդապետը XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են առանձին հատվածներ, և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի տաճարի հարավային կողմում, ¬1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Հիմնական գրականություն

Մաթևոսյան Կ., Արուճ, Երևան, 1987: :

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, , Երևան, 2002:

Հարությունյան Վ., Հայ ճարտարապետության պատմություն, Երևան, 1992: