ՀՈԳԵՎԱՆՔԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ
Շիրակի մարզ
գ. Սառնաղբյուր
պետ. ցուցիչ՝ 7.100.42.1.3
Միջնադարյան Հոգեվանք համալիրը (հիշատակվում է նաև Կարմիր վանք և Ձորագյուղի վանք անվանումներով) գտնվում է Ճարտարապետական և պատմական արժեքավոր հուշարձաններով հարուստ Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիսարևմուտք, Մարալիկ տանող ճանապարհի ձախ կողմում: Հոգեվանքի Ս. Կարապետ եկեղեցին, ըստ հյուսիսային մուտքի վերևի արձանագրության՝ կառուցվել է 1205 թ.: Պատկանում է գմբեթավոր սրահ տիպին: Արևելյան կողմում կիսաշրջանաձև ավագ խորանն է, որի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ ավանդատներն են: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հյուսիսային կողմերից: Բոլոր ճակատների վրա կան «հայկական խորշեր»: Գլանաձև թմբուկով գմբեթը քանդվել է 1939 թ. երկրաշարժից և նորոգվել է 1980-ական թվականներին: Կառուցված է կարմիր տուֆի սրբատաշ քարերով: Հետագա նորոգումների ժամանակ օգտագործվել են նաև սև ու գորշ տուֆաքարեր:
Եկեղեցու ներսում պահպանված են IV-V դդ. քառակող կոթողների, ինչպես նաև XIII դ. խաչքարերի բազմաթիվ քանդակազարդ, արձանագիր բեկորներ, որոնք ժամանակի ընթացքում հողմահարվել են և դարձել անընթեռնելի:
Ս. Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հյուսիս պահպանվել են V դ. միանավ և VII դ. քառախորան եկեղեցիների որմերի ստորին շարքերը:
Հիմնական գրականություն
Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975:
Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982: