ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

2014-09-05T10:21:18+00:00 September 5th, 2014|Հուշարձաններ|

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Երևան համայնք
պետ. ցուցիչ` 1.12.15.4

«Դա մի տաղանդավոր գրողի արձան չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձան է, որը կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում՝ սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ: Պետք է կանգնի հավիտյան, անլռելի պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը»:
Հովհաննես Թումանյան

Խաչատուր Աբովյանի արձանը տեղադրվել է Երևանի Քանաքեռ թաղամասում (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան), նրա տուն-թանգարանի մոտ, 1964 թ. սեպտեմբերին: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը և ճարտարապետ Մարկ Գրիգորյանը: Պատրաստված է բրոնզից և գրանիտից: Բրոնզաձույլ արձանի բարձրությունն է 2 մ 20 սմ:
Արձանի կանգնեցման մտահղացումը ծնվել է 1908 թ., երբ նշվում էր Խաչատուր Աբովյանի մահվան 60-ամյակը: Մի խումբ հայ գրողների ու մտավորականների խնդրանքով և հասարակական կարծիքի ճնշման տակ Ռուսաստանի Կայսրության Կովկասի փոխարքայությունը մեծ դժվարությամբ համաձայնել է տալու արձանի կանգնեցման թույլտվությունը: Հուշարձանի կառուցման գործը ստանձնել է Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որն էլ պաշտոնական նամակներով դիմել է տարբեր երկրներում ապրող 6 հայ քանդակագործների՝ մասնակցելու հուշարձանի նախագծի մրցույթին: Ընտրվել է փարիզաբնակ Անդրեաս Տեր-Մարուքյանի երկրորդ նախագիծը: 1911 թ. Երևանի քաղաքային դուման հուշարձանի համար տեղ է հատկացրել քաղաքային բուլվարում կամ անգլիական այգու մուտքի մոտ: Արձանի և պատվանդանի բարձրաքանդակների պատրաստման աշխատանքներն իրականացվել են 1910-1913 թթ.: Արձանի հետ քանդակագործը կերտել է նաև պատվանդանի բարձրաքանդակները՝ նստած դիրքով պատանի՝ ընթերցելիս, և մի աղջիկ, կանգնած, ձեռքին ծաղկեփունջ, կարդում է պատվանդանի վրա գրված «Խաչատուր Աբովյան» բառերը: Միջոցների բացակայության պատճառով Աբովյանի արձանը մնացել է Փարիզում և միայն 1925 թ. փետրվարին, քանդակագործի մահվանից հետո տեղափոխվել է Երևան (պատվանդանի և բարձրաքանդակների գտնվելու տեղն անհայտ է): Սկզբնական շրջանում՝ 1933-1950 թթ., արձանը տեղադրված է եղել «Մոսկվա» կինոթատրոնի և «Երևան» հյուրանոցի միջև գտնվող՝ Աբովյանի (այժմ՝ Շառլ Ազնավուրի) անվան հրապարակում: 1950-1953 թթ. դրված է եղել Կրկեսի մոտ, 1953-1957 թթ.՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա, 1957-1964 թթ.՝ Մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ, և միայն 1964 թ. է տեղադրվել Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մոտ:

Հիմնական գրականություն

Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004: