Իջևանի ավագ դպրոցի «Կիրանց» և Հաղարծին համայնքի «Հաղարծին» թիմերի մասնակցությամբ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության և «Պրոգրես» ՀԿ-ի հետ համատեղ անցկացվել է «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Ծրագիրն իրականացվել է Սուբսիդիայի տրամադրման պայմանագրի 2.3.41 կետի պահանջների համաձայն:
Հարցաշարը բազմաբովանդակ էր, դպրոցականներին առաջադրանք է ներկայացվել լուսանկարների միջոցով ներկայացնել մարզի հուշարձանները` վանքեր, եկեղեցիներ և այլն: Երկրորդ փուլում աշակերտները խաչբառ են լրացրել` ստանալով հուշարձանների անվանումներ ունեցող պատասխաններ: Թիմերը նաև ավանդազրույցների միջոցով են հանրահռչակել մարզի հուշարձանները: Գրեթե երեք ժամ տևած լուրջ պայքարի ընթացքում հաղթող է ճանաչվել «Հաղարծին» թիմը:
Նմանատիպ մրցույթ-վիկտորինա ավելի վաղ անցկացվել էր նաև Սյունիքի մարզի դպրոցներից մեկում: Այդօրինակ նախաձեռնությունների նպատակը մատաղ սերնդի շրջանում մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ սեր ու պատասխանատվություն սերմանելն է:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անունից հաղթող թիմին հանձնվել են պատվոգրեր, այլ պարգևներ: Հուշարձանների և մշակութային ժառանգության «լավագույն գիտակ» պատվոգրին է արժանացել «Հաղարծին» թիմի ավագ Վիգեն Թամրազյանը: