ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ Ա. ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ Ա. ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

2014-11-26T11:46:31+00:00 November 26th, 2014|Լրահոս|

Նոյեմբեր 20-22-ը` Թբիլիսիում, Ազգային թանգարանի շենքում, անցկացվել է «Կովկասի և Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որը ֆինասավորել էր Շոթա Ռուսթավելու անվան Ազգային գիտական հիմնադրամը և Վրաստանի Ազգային թանգարանը: Խորհրդաժողովին մասնակցել են հնագետներ և վաղ շրջանի նյութական մշակույթի ուսումնասիրության մասնագետներ Ամերիկայի միացյալ նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Թուրքիայից, Հայաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից: Գիտաժողովի նյութերը պատրաստվել և հրատարակվել են հոդվածների ժողովածուով: Հայաստանից գիտաժողովին մասնակցել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը և նույն բաժնի աշխատակիցներ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բաբուխյանը, գիտաշխատող Արմինե Հարությունյանը:

«Մեծամորի պեղումները» զեկուցումով հանդես է եկել Ա. Փիլիպոսյանը, ներկայացնելով 50 տարվա ընթացքում հուշարձանի տարածքում կատարված պեղումների, ինչպես նաև 2013-2014 թթ. հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի կողմից իրականացված համակողմանի աշխատանքների նախնական արդյունքները: Ներկաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անագից պատրաստված /մ.թ.ա. 15-13-րդ դարեր/ մեծաքանակ հնագիտական առարկաների հանդեպ: Ա. Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ 2015 թ. պեղումների տարածքի մակերեսը կընդլայնվի: Վրացի և թուրք հնագետները մեծ հետարքրքրություն են ցուցաբերել հատկապես Մեծամորից հայտնաբերված եգիպտական և կասսիտական կնիքների հանդեպ: Դա վկայում է, որ մ.թ.ա. 2-րդ հազարմյակի 2-րդ կեսին Մեծամորը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացներում: Մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել մասնակցելու 2015 թ. Մեծամորի պեղումների 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: