ԹԱՅԻՐՈՎԻ ԱՄԱՌԱՆՈՑ
Լոռու մարզ
ք. Վանաձոր
պետ. ցուցիչ՝ 5.1.1
Թայիրովի ամառանոցը գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փող. N 31 հասցեում: Կառուցվել է 1895 թ. և եղել է հայազգի մեծահարուստ, գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը, իսկ խորհրդային տարիներին՝ Կիրովականի քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905-ից՝ Ռուսաստանյան Կայսրության առաջին գինեգործական փորձնական կայանի պետ (ք. Օդեսա), 1931-ից՝ Ուկրաինական ԽՍՀ խաղողագործության և գինեգործության ԳՀԻ տնօրեն, 1903-ից՝ Խաղողի և գինու միջազգային կազմակերպության փոխնախագահ:
1999 թ., Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, Թայիրովի ամառանոցը հիմնանորոգվել, վերակառուցվել է որպես Գուգարաց թեմի առաջնորդարան: Եռահարկ շինության բարեկարգված շրջակայքում պահպանվել են տարբեր տեղերից բերված, առաջնորդարանի ցանկապատի շարվածքում ագուցված՝ XII –XIII դդ. խաչքարեր և IV-V դդ. քառակող մի կոթող: Օժանդակ շինություններից մեկի վերակառուցմամբ հիմնվել է Սուրբ Սարգիս եկեղեցին:
Առաջնորդարանի բակում տեղադրված են 1959 թ. կառուցված՝ երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշաղբյուրը (վարպետ Մեհրաբ), ինչպես նաև Շուշիի ազատագրմանը նվիրված թևավոր խաչքարը (վարպետ Ս. Դանիելյան):