ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 200. 000 ԴՐԱՄՈՎ

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 200. 000 ԴՐԱՄՈՎ

2018-03-29T15:57:43+00:00 04/02/2015|Կոտայք, Լրահոս|

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Վ. Մկրտչյանի նախագահությամբ, օրերս բավարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Առինջ գյուղի բնակիչ Վ. Հովհաննիսյանի: Հայցվոր կողմը պնդմամբ, Հովհաննիսյանի կողմից էական վնաս է հասցվել պետական պահպանության տակ գտնվող հուշարձանին:

Դատարանը հաստատված համարելով հայցապահանջը վճռել է Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք 200. 000 դրամի չափով: Վերջինս նախորդ տարի պահպանության պետական ցուցակում ներառված Կոտայքի մարզի Առինջ գյուղի հին գերեզմանատանը հուղարկավորել էր իր ազգականին:

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը 2013- 2014 թթ հուշարձանի տարածքում կատարված իրավախախտման փաստով երեք դիմում է ներկայացրել իրավապահներին: Մեկն առնչվել է «Մատուռ Կարմրավոր» հուշարձանի /պետ. ցուցիչ` 6.11.3.1/ վերականգնման աշխատանքներին, որոնք համաձայնեցված չեն եղել լիազոր մարմնի հետ, մյուսը` ապօրինի հուղարկավորությանը: Վերջինի փաստով քր. գործ հարուցելու պահանջը մերժվել էր: Ոստիկանության կողմից դա չէր դիտվել որպես ապօրինի հողազավթում /բնակիչնեչը պնդել էին, թե հուղարկավորությունները կատարվել էին ընտանեկան գերեզմանոցում/:

Հուշարձանի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011 թ. նոյեմբերի 18-ին: ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ մարմինների իրավասությունը, որով մասնավորապես ՏԻՄ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի եւ դրա պահպանական գոտու անվթարությունը եւ այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2014 թ դիմել է լիազոր մարմնին` հուշարձանի պահպանական գոտու պայմանակարգը /ռեժիմը / սահմանելու համար, որով կհստակեցվի, թե ինչ է թույլատրվում անել հուշարձանի տարածքում:
Առհասարակ հանրապետության հուշարձանների պահպանական գոտիներում նման իրավախախտումները քիչ չեն և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը բոլոր դեպքերի մասին ահազանգում է ոստիկանություն, դատախազություն:

2014 թ. ընթացքում ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների կողմից տարբեր բնույթի 38 իրավախախտում է արձանագրվել: