«ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ՝ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ՏԱԹԵՎՈՒՄ

«ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ՝ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ՏԱԹԵՎՈՒՄ

2015-05-25T12:23:53+00:00 25/05/2015|Լրահոս|

Ս. թ. մայիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, կանցկացվի միջոցառումների շարք և «Տաթևի վանքը՝ հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագրով գիտաժողով: Նպատակը` Տաթևի վանական համալիրի և Տաթևի համալսարանի հոգևոր, կրթական, մշակութային գործունեությունը ներկայացնելն է: Զեկուցումներով հանդես կգան ոլորտի հայտնի մասնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական, Երևանի Պետական և Երևանի Ճարտարագիտական համալսարաններից: Տաթևի վանքում բացման խոսքով հանդես կգա Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, ողջույնի խոսքով՝ Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը: Ապա Տաթևի վանքի սեղանատանը կբացվի Տաթևի պատմաճարտարապետական կառույցներին նվիրված լուսանկարների և գրքերի ցուցահանդես, ելույթ կունենա Տաթևի վանքի երգչախումբը:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես կգա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանը, ողջույնի խոսքով` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը: