ՍԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ 1851Թ. ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 15-21 ԴԴ.

ՍԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ 1851Թ. ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 15-21 ԴԴ.

2015-07-21T16:42:00+00:00 June 22nd, 2015|Կոտայք, Հուշարձաններ|

Կոտայքի մարզ, ք. Աբովյան, պետ.ցուցիչ` 6.2.4, 6.2.4.1, 6.2.4.2, 6.2.4.2.2

Ս. Ստեփանոս եկեղեցին (պետ. ցուցիչ` 6.2.4, 1851թ.) գտնվում է Աբովյան քաղաքի հարավային եզրին` Էլառ-Դարանի պատմական ամրոցի (հնավայրի) տարածքում: Հուշարձանը եռանավ դահլիճ է: Երկշարք երկուական մույթերով աղոթասրահը բաժանված է երեք նավի: Միջնամասի համեմատաբար մեծ նավն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով ավանդատներն են: Եկեղեցու չափսերն են 21,5 x 30 մետր, մուտքը հարավային կողմից է: Եկեղեցու հարավային ճակատին կից գտնվում է երկհարկանի զանգակատունը /պետ. ցուցիչ 6.2.4.1/, որը կառուցված է տեղական բազմագույն (սև, գորշ, կարմիր, ծիրանագույն) տուֆ քարերից:

Հուշարձանը մասնակի վերանորոգվել, բարեկարգվել է 1970-80-ական թվականներին, 2001թ. արևմտյան կողմից կառուցվել է գավիթ, ներսի փայտյա մույթերը փոխարինվել են քարով, իսկ 2012 թ. հիմնովին վերանորոգվել է տանիքը:

Եկեղեցու շրջակայքում է գտնվում XV-XXI դդ. գերեզմանոցը /պետ. ցուցիչ 6.2.4.2/, որում գերակշռում են հարթ, սեղանաձև շիրմաքարերը: Միջնադարյան բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի բեկորներ օգտագործվել են եկեղեցու շինարարության ժամանակ և այսօր էլ նկատելի են պատերին, հատկապես հարավային կողմում: Այստեղ` հարավային պատի տակ, պահպանվել է Աստվածատուր քահանայի արձանագիր տապանաքարը (1689թ.):

Ուշագրավ է նաև Էլառի քառակող կոթողը (պետ. ցուցիչ 6.2.4.2.2, V-VIդդ.), որն այժմ տեղադրված է Ս. Ստեփանոս եկեղեցու հարավ-արևելյան պարսպի մեջ: Այն պատրաստված է հրաբխային մուգ բծավոր քարից, որի վերին հատվածը կոտրված է և այն պահպանվել է 0,81մ բարձրությամբ: Քանդակազարդ են նրա երեք երեսները, սակայն դրանք մնացել են պատի մեջ և տեսանելի չեն: Կոթողն իր վրա կրում է առասպելական բնույթի ուշագրավ տեսարաններ, որոնց էությունը ժողովրդին քրիստոնյա օծելու արարողությունն է:

Պատմական հուշարձանի պահպանական գոտին կազմում է 0,2հա հողատարածք:

Օգտագործված գրականություն`

1. Խանզադյան Էմմա, Էլառ-Դարանի, ՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979: