ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Վայոց ձորի մարզ,Գ.Արփի, պետ. ցուցակ` 9.12.3

Կիսանդրին ի սկզբանե դրվել է հերոսի ծննդավայր Գնիշիկ գյուղում, այն պատրաստվել է գրանիտից, իսկ պատվանդանը` բազալտից: Հուշակոթողի հեղինակը հանրապետության վաստակավոր քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն է:

1960 թ. Գնիշիկ գյուղի բնակիչները հայտնի պատճառներով հաստատվում են Արփի գյուղում` իրենց հետ տեղափոխելով նաև Վահիկ Լևոնյանի արձանը և տեղադրում դպրոցի անմիջական հարևանությամբ:

ԽՍՀՄ հերոսը ծնվել է 1923թ.: Հայրենական Մեծ պատերազմի ամենավճռորոշ փուլում` 1942թ., մեկնել է ռազմաճակատ` Հյուսիսային Կովկասից հասնելով մինչև Բեռլին:

1945թ ապրիլի 30-ին Բեռլինից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կումմերսդորֆ բնակավայրի մոտակայքում Լևոնյանի հրանոթային գումարտակը ընկնում է շրջապատման մեջ, հաջողվում է անձնազոհաբար ետ մղել թշնամու իրար հաջորդող գրոհները: Իրավիճակն այն աստիճան է սրվում, որ զինվորներն անգամ ձեռնամարտի են բռնվում: Լևոնյանի գլխավորած ուժերին հաջողվում է հասնել փառահեղ հաղթանակի: Մարտում ցուցաբերած անօրինակ խիզախության համար ԽՍՀՄ գերագույն խորհրդի 1945թ. հունիսի 27-ի հրամանագրով Վահիկ Լևոնյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղած մարտերում ցուցաբերած արիության համար Վահիկ Լևոնյանը պարգևատրվել է նաև Լենինի, Կարմիր Աստղ և Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով: