ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Քսանչորս տարի առաջ, այս օրն ընդմիշտ ամրագրվեց որպես հայ ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջ. սեպտեմբերի 21-ը դարձավ մեր պայքարի ու ձեռքբերումների, հաղթանակների խորհրդանիշը: Հենց այդ նվիրական երազանքի իրականացումն էր, որ տոնական տրամադրությամբ էր լցրել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

«Ի՞նչ է երջանկությունը, երջանկությունը դա անկախությունն է, իսկ անկախությունը պահելու համար անհրաժեշտ է հզոր լինել, հզոր`նախ և առաջ մեր բանակով»,- ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի` պատմական ու նվիրական տոնի առթիվ հնչած շնորհավորական խոսքում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում միջոցառումների շարքը սկսվել է Էջմիածնում տեղակայված N զորամասի զինծառայողների ռազմահայրենասիրական քայլերգով: Այնուհետև արգելոց-թանգարանի տարածքում, ՀՀ ՊՆ նախարարի հրամանով, մի շարք բարձրաստիճան ու շարքային զինծառայողներ պարգևատրվել են «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով» և անբասիր ծառայության համար` առաջին, երկրորդ ու երրորդ աստիճանի մեդալներով: ՀՀ ՊՆ ինժիներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն անկախության տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին նշել է. «Այսօր ավելի քան խորհրդանշական է, քանի որ Հայաստանի ու Արցախի սահմանների անառիկությունը պաշտպանում են հենց անկախության հռչակման պատմական ժամանակահատվածում ծնված հայ պատանիները, նրանց զավակները, որոնք կերտեցին ու արյան գնով պահեցին հաղթանակը»: Ապա զինծառայողներն ուղղվել են դեպի թանգարան, որտեղ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ու Երևանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով, բացվել է «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդես:

Ցուցահանդեսը բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների հրաշալի կատարումներով: Նպատակն է Ալեքսանդրապոլը, այժմյան Գյումրին, ներկայացնել որպես Հայաստանի ինքնատիպ կոլորիտ ունեցող եզակի քաղաք: Ծանոթացնել Ալեքսանդրապոլի ժողովրդական տների ճարտարապետությանը, հնարավորություն ընձեռել ճանաչելու Ալեքսանդրապոլի հոգևոր և մշակութային արժեքները, ըստ արժանվույն գնահատել դրանք:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը ներկայացրել է այն գլխավոր պատճառը, թե ինչու են անդրադարձ կատարել հենց Ալեքսանդրապոլի մշակույթին. «Այս անգամ որոշեցինք ժողովրդական ճարտարապետության մասին վկայող մեր հավաքածուից ներկայացնել XIX դարիվերջիև XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: Քանի որ մեր օրերում այդ մշակույթը կրողը, այդ ճարտարապետությունը պահողը այսօրվա Գյումրին`նախկին Ալեքսանդրապոլն է, բնականաբար մենք պիտի անդրադառնայինք հենց այդ քաղաքին: Որպեսզի ցուցադրությունը հետաքրքիր լիներ և ամբողջական, որոշեցինք ընդլայնվել և դիմեցինք Երևանի պատմության թանգարանին»:

«Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցադրության մեջ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարների ու չափագրությունների միջոցով ներկայացվել է Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով ներկայացվել է տվյալ ժամանակաշրջանի խոհանոց և ննջասենյակ, հավաքվելու է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերյեր:

Ցուցադրության հեղինակ, ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը պարզապես խորհուրդ է տվել տեղում ծանոթանալու.«Դժվար է մեկ ցուցադրությամբ ընդգրկուն ներկայացնել Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, ուղղակի փորձել ենք փոխանցել այդ ժամանակաշրջանի շունչը: Անդրադարձ ենք կատարել նաև նյութական ու հոգևոր մշակույթին` ներկայացվել է թատրոնը, դպրոցը և երաժշտությունը»:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անկախության տոնի 24 ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվել են տոնական համերգով, որի ընթացքում կատարումներով հանդես են եկել «Տարոնցիներ», «Հուշեր» պարային համույթները, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Տիգրան Հայորդին, Արուս Գուլանյանը, Մադլեն Ասրյանը և Լարիսա Հակոբյանը: Միջոցառումը վարել են ասմունքող, հաղորդավար Ջիվան Սարգսյանը և Աիդա Ալեքսանյանը: