ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

2018-03-29T16:00:43+00:00 September 28th, 2015|Վայոց Ձոր|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, «Հիշատակի ժառանգությունը» խորագրով, Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ մտավորականների հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը: Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության, մշակույթի տան և թիվ 1 հիմնական դպրոցի համատեղ ջանքերով իրականացված «Նրանք ապրում են մեր սրտերում» միջոցառման ընթացքում հիշատակվել են արևմտահայ գրողներ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և հանճարեղ Կոմիտասը:

Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի աշակերտները Բեթհովենի, Ավետ Տերտերյանի, Կոմիտասի երաժշտության հնչյունների ներքո թերթել են ատմության արյունոտ էջերը. ներկայացվել են հայերի տեղահանման, կոտորածի, հայկական բնակավայրերը թուրքերով ու քրդերով բնակեցնելու թուրք պաշտոնյաների հրամանների մասին վկայող փաստեր: Անդրադարձ է կատարվել արևմտահայ գրողների՝ համաշխարհային գրականության մեջ ունեցած դերակատարմանը, Պոլսի հայ մտավորականների վարած հայապահպան գործունեությանը: Հնչել են բանաստեղծություններ Դանիել Վարուժանի «Հացին երգը», «Ցեղին Սիրտը», «Հեթանոս երգեր» ստեղծագործություններից, Սիամանթոյի «Դյուցազնորեն» ժողովածուից, «Հայորդիներ» բանաստեղծական շարքից: Ընթերցվել են Գրիգոր Զոհրապի խոհափիլիսոփայական հոդվածները, «Դաշնակ մըն է հոգիս լեցուն» և այլ բանաստեղծություններ: Տպավորել են հատկապես Ռուբեն Սևակի քնարական բանաստեղծություններն, իսկ Մեծն Կոմիտասի բանաստեղծությունները ներկաներին ստիպել են արտասվել: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է երգչախմբային դաշնամուրային կենդանի կատարումով: Իսկ փոքրիկ ֆլեյտահարի կատարմամբ հնչել է Կոմիկասի «Կաքավիկը»:

Միջոցառմանը ներկա են եղել մտավորականներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, մշակույթի գործիչներ: Վայոց ձորի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Արփիար Ղազարյանը բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումների անցկացումը: