ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:53:45+00:00 20/11/2015|Արարատ, Լրահոս|

Արարատի ՊՄՊ մարզային ծառայությունը, «Ճանաչենք մեր մարզի մշակույթն ու պատմությունը» խորագիրը կրող, «Արարատի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» թեմայով կրթամշակութային մրցույթ-վիկտորինա է անցկացրել Ոսկետափ համայնքի դպրոցների թիմերի միջև: Մրցույթ-վիկտորինան նախանշված էր աշխատանքային ծրագրով և սուբսիդիայի պայմանագրով:

Ս. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի «Արարատ» և թիվ 2 ավագ դպրոցի «Հայասա» թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 9-րդ դասարանների տասը աշակերտից: Հատկանշական է, որ մասնակիցները մրցույթին բավականին պատրաստված են եղել, բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, սակայն հաղթել է հիմնական դպրոցի «Արարատ» թիմը: Երկու թիմերն էլ արժանացել են ՊՈԱԿ-ի մրցանակներին և շնորհակալագրերին, որոնք հանձնել են մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանն ու տեղակալ Անահիտ Դալլաքյանը: Լավագույն գիտակ մասնակիցը՝ ավագ դպրոցի աշակերտուհի, «Հայասա» թիմի անդամ Դ. Գրիգորյանը ՊՈԱԿ-ից նվեր է ստացել Թ. Թորոմանյան «Անիի մայր տաճարը» գիրքը, նրան նաև գովասանագիր է տրվել: Մրցույթի փուլերի ընդմիջումներին ելույթ են ունեցել երկու դպրոցների շնորհալի երեխաները, ասմունքել ու երգել են, իսկ աշակերտներից կազմված երգչախումբը կատարել է Ա. Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Մրցույթ-վիկտորինային ներկա են եղել բազմաթիվ դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, համայնքապետարանի աշխատակիցներ:

Ավարտին ելույթ են ունեցել կրթօջախների տնօրեններ`Հ. Մկրտչյանն ու Պետրոսյանը, որոնք երախտագիտություն են հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը»՝ գեղեցիկ և ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար: Մարզային ծառայության աշխատակիցները ևս կարևորել են նման միջոցառումների անցկացումը: