ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՇԱՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՇԱՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

2015-12-07T14:37:46+00:00 December 4th, 2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև 2013 թ. կնքված փոխհամագործակցության ծրագրի շրջանակում, ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող Մենուա Գևորգյանը երկու ամիս մասնակցել է վերոնշյալ ինստիտուտի որակավորման բարձրացման դասընթացին: Այն իրականացվել է Լեհաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցի հովանավորությամբ և ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատողին դասընթացը հնարավորություն է տվել հարստացնել գիտելիքները՝ հնագիտության պատմության, ուսումնասիրության մեթոդների, հնագիտության առաջ ծառացած խնդիրների, դրանց լուծման նոր մեթոդների, դաշտային հնագիտության, պեղումների ժամանակակից մեթոդների, Մերձավոր Արևելքի և մեզոամերիկյան քաղաքակրթությունների (հատկապես մայաների) հնագիտության վերաբերյալ: Որակավորման բարձրացման դասընթացը նպաստել է ժամանակակից տեխնոլոգիաներով հնավայրի և հնագիտական առարկաների չափագրության, պեղավայրի «երեք դե» մոդելավորման և փաստաթղթերի հետ աշխատելու վերաբերյալ գիտելիքների ձեռք բերմանը:

Մ.Գևորգյանը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի արտասահմանյան բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողների համար հանդես է եղել 90 րոպեանոց դասախոսությամբ` նվիրված «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և հայ-լեհական համատեղ արշավախմբի իրականացրած աշխատանքներին:

ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատողը դասընթացին զուգահեռ ծանոթացել է նաև այդ երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, եղել` Վարշավայի Հնագիտական, Երկրագիտական և Ազգային թանգարաններում: Դասաընթացի ավարտին Մ. Գևորգյանին տրվել է Հնագիտության ինստիտուտի դասընթացներին մասնակցելու մասին վկայող փաստաթուղթ:

Լեհական կողմի աջակցությամբ, Մ. Գևորգյանը Հայաստան է բերել ավելի քան հարյուր մասնագիտական գրականություն /էլեկտրոնային տարբերակով/: